Տիգրան Ավինյանն այցելել է Հռոմի երթևեկության կառավարման կենտրոն
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երթևեկության կառավարման կենտրոն:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է երթուղային ցանցի բնականոն աշխատանքը:
Կենտրոն այցի ընթացքում երևանյան պատվիրակությանն են ներկայացվել Հռոմի երթևեկության կառավարման մշակված լուծումներն ու ոլորտի զարգացման քաղաքականությունը: Որպես հիմնանպատակ, որոշակի լուծումներով, առաջարկվում է Հռոմում զգալիորեն նվազեցնել մեքենաների քանակը, ինչն էլ հնարավորություն կտա ապահովել շարժունակություն:
Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը ևս նախաձեռնել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրեր, որոնք համակարգային լուծումներ են նախատեսում: Համայնքային հավաքակայանի համալրմանը զուգահեռ, ավարտին է մոտենում տոմսային նոր համակարգի ամբողջական ներդրման գործընթացը, շարունակվում են ավտոբուսի համար նախատեսված գծերի առանձնացման, երթևեկության կազմակերպման փոփոխության աշխատանքները, դիտարկվում է նոր կանգառասրահների, «խելացի» լուսացույցների տեղադրումը: