Տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ
Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ՝ Կոմիտասի անվան զբոսայգում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավական բաժնի ղեկավար Աննա Կոպչուխինը, Առաքելություն Հայաստան ԲՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանը և այլք։
Մինչ միջոցառման մեկնարկը՝ տարբեր տաղավարներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի շրջանակում ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ավագ սերնդի ներկայացուցիչների ձեռքի աշխատանքներին։
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել «Գոհարներ» երգչախումբը, ավագ սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է պարային բեմադրություն․ վերջիններս մասնակցել են նաև հագուստի ցուցադրության, որոնց կարելու գործընթացում ունեցել են ակտիվ մասնակցություն։
Տաթևիկ Ստեփանյանն իր ելույթում շնորհավորել է ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ Կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում ավագ սերնդի ներկայացուցիչներին վերաբերելի քաղաքականությունները։
Նախարարի տեղակալի խոսքով՝ ոլորտային առաջնահերթությունները սահմանված են նաև Ժողովրդագրության ռազմավարության մեջ, որում հստակ ամրագրված են վերջիններիս բարեկեցիկ ծերության ապահովմանը, կենսափորձի կիրառմանը, տրամադրվող ծառայությունների լավարկմանն ուղղված ծրագրերը։ Տաթևիկ Ստեփանյանը նաև նշել է, որ ոլորտային քաղաքականության մշակման գործում նախարարությունը մեծապես կարևորում է ավագ սերնդի ներկայացուցիչներից ստացված առաջարկությունները, որոնք ներառվում են ոլորտային փաստաթղթերի մշակման գործընթացում։
Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումը կազմակերպվել է Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպության կողմից։