Բաղդադի մերձակայքում ամերիկյան ռազմաբազան գնդակոծության է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Իրաքում Բաղդադի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող ամերիկյան ռազմակայանը ենթարկվել է գնդակոծության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Mayadeen լրատվամիջոցը։
«Ի պատասխան ԱՄՆ-ի շարունակական աջակցության իսրայելական ագրեսիային Գազայում, Լիբանանում և Եմենում՝ լույս հոկտեմբերի 1-ի գիշերը գրոհ է իրականացվել Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու գտնվող «Վիկտորիա» ամերիկյան ռազմակայանի վրա», - ասվում է հրապարակման մեջ։
Իրաքում Al Mayadeen-ի թղթակիցը հայտնել է, որ ռազմակայանի մերձակայքում չորս պայթյուն է լսվել, իսկ օբյեկտի ներսում հնչել են տագնապի ազդանշաններ:
Իրաքի ռազմական գերատեսչությունում Reuters-ի երկու աղբյուրները հայտնել են, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի վրա «Կատյուշա» հրթիռներ են արձակվել։ Ըստ նրանց՝ արձակվել է երեք հրթիռ, որոնցից մեկն ընկել է Իրաքի հակաահաբեկչական ուժերի կողմից օգտագործվող շենքերի մոտ։ Հարվածի հետևանքով վնասվել և այրվել են մի քանի մեքենաներ։ Տուժածներ չկան։
Իր հերթին, ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ ամերիկյան ուժերը չեն թիրախավորվել։