Տեղը չեն բերում, թե ում հետ են շփվում. Սիմոնյանը՝ արցախցի պատգամավորին «զիբիլի վրայի կատու» անվանելու մասին
«Որևիցե մեկը իրավունք չունի ՀՀ նախագահին և ՀՀ ԱԺ նախագահին ասել՝ մի վախեցեք, չեմ խփի սրանց»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանգելով դիտարկմանը, թե «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ընդդիմադիր շրջանակները քննադատել են Մետաքսե Հակոբյանին «զիբիլի վրայի կատու» ասելու համար:
«Ինքը դուրս եկավ մեր առաջ, մեր անվտանգության աշխատակիցն ասաց՝ խնդրում եմ մի կողմ գնացեք, ասաց՝ մի վախեցեք, չեմ խփի սրանց:
Ինձ հետաքրքիր է՝ այդ նույն Մետաքսեն Արցախում որևիցե նախագահի 1 կիլոմետր հեռավորությունից եթե նման արտահայտություն աներ, իրա հետ ի՞նչ էր լինելու: Որևիցե մեկը իրավունք չունի իրեն նման բան թույլ տալ, իրենք տեղը չեն բերում՝ որտեղ են գտնվում և ում հետ են շփվում, և ես խոստանում եմ իրեն և իր շուրջը պտտվող մադկանց, որ հաստատ տեղը բերելու են»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նկատեց՝ իրենք գտնվում են ՀՀ-ում որպես մեր հայրենակիցներ, ունեն նույն իրավունքները և նաև նույն պարտավորությունները. «ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին նման կերպ դիմելը անթույլատրելի է»: