Արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ․ Արփինե Դավոյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն այն համոզմանն է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ:
Դավոյանը նման դիրքորոշում հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ խոսելով նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին:
«Արդարադատության նախարարի պաշտոնը շատ կարևոր պաշտոն է: Իմ կարծիքով՝ այնտեղ գտնվող մարդը պետք է քաղաքական թիմից լինի»,-ասաց Դավոյանը
Անդրադառնալով Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից հեռացնելու հարցով իշխող խմբակցության պատգամավորների սկսած ստորագրահավաքին՝ Դավոյանն ասաց, որ պատգամավորները կատարել են իրենց վերահսկողական գործառույթը: Պատգամավորը մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման հետ կապված իրենց մտահոգությունները 1-2 օրում չեն ի հայտ եկել:
Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել։ Ավելի վաղ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով: