Լիբանանյան 30 գյուղերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել Իսրայելը
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ներկայացուցիչ Ավիչայ Էդրին արաբերենով տարհանվելու կոչ է արել լիբանանյան շուրջ 30 գյուղերի բնակիչներին՝ սեփական անվտանգության նկատառումներից ելնելով:
Համապատասխան հայտարարությունը Էդրին տարածել է X սոցիալական հարթակում:
««Հեզբոլլահ» շարժումը ԻՊԲ-ին ստիպում է գործել իր դեմ: ԻՊԲ-ն չի ցանկանում վնասել ձեզ, և ձեր անվտանգության նպատակով դուք պետք է անհապաղ լքեք ձեր տները: Յուրաքանչյուր ոք, ով գտնվում է «Հեզբոլլահ»-ի անդամների, օբյեկտների և մարտական սարքավորումների կողքին, վտանգի տակ է դնում իր կյանքը: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր տուն, որը «Հեզբոլլահ»-ն օգտագործում է իր ռազմական նպատակների համար, կդառնա թիրախ», - գրել է Էդրին:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը թվարկել է նաև այն բնակավայրերը, որտեղից անհրաժեշտ է տարհանվել հյուսիսային ուղղությամբ:
«Մենք ձեզ կտեղեկացնենք անվտանգ տուն վերադառնալու ժամանակի մասին», - հավելել է Էդրին:
Ավելի վաղ ԻՊԲ-ն հայտարարել էր, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսում Լիբանանի հարավում՝ «Հեզբոլլահ»-ի հենակետերը վերացնելու նպատակով: