ՍԴ-ն սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ իր որոշմամբ փորձել է խեղաթյուրել և մոլորության մեջ դնել հանրությանը. Արծվիկ Մինասյան
ՍԴ-ն սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ իր որոշմամբ փորձել է խեղաթյուրել և մոլորության մեջ դնել հանրությանը: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«ՍԴ-ն փորձել է արհեստական հակասություն ձևակերպել Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանադրության միջև, փորձում է քողարկել այն զիջումները, որոնք առաջիկայում հնարավոր է ներկայացվեն ՀՀ-ին՝ խաղաղության պայմանագրի կամ այլ փաստաթղթի անվան տակ»,- նշեց նա:
Հիշեցնենք, Սահմանադրական դատարանը, համաձայն վերլուծությունների, սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ հրաժարվել է Անկախության հռչակագրում ամրագրված մի շարք սկզբունքներից: Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրել էր․ «ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից: Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։