Լեռնային Ղարաբաղի 43 բնակավայրում 284 շինություն ամբողջովին ավերվել է․ Սերգեյ Շոյգու
Լեռնային Ղարաբաղի 43 բնակավայրում 284 շինություն ամբողջովին ավերվել է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահի հետ Լեռնային Ղարաբաղում տարվող աշխատանքների հարցով խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչև:
«Նախնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի 4 շրջանների տարածքում գտնվող 43 բնակավայրերում ամբողջովին ավերվել է 284 շինություն»,- ասել է ռուս նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: