Վերջին մեկ օրում ռուսական ավիացիան 20 թռիչք է կատարել՝ խաղաղապահներին Ղարաբաղ տեղափոխելու համար
Ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները վերջին մեկ օրում 20 թռիչք են կատարել՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելով 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումներին: Հայաստան է բերվել ավելի քան 30 միավոր տարբեր տեխնիկա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Անցած մեկ օրում ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները 20 թռիչք են կատարել: Հայաստան է բերվել ավելի քան 30 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա՝ զրահամեքենաներ, բարձր անցանելիության բեռնատար մեքենաներ, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման եւ այլ տեխնիկա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՊՆ-ի տվյալներով՝ Իլ-76 եւ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներն Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից չվերթ են իրականացրել դեպի Երեւան քաղաքի օդանավակայան:
Ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության` զորամիավորման հիմնական մասը Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումներն են: Ռուսաստանի դիտակետերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ օպերացիայի հրամանատարությունը տեղակայվել է Ստեփանակերտում: Իրավիճակը շուրջօրյա վերահսկվում է: