Ռուս խաղաղապահները պնդում են, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է, հինգշաբթի լրագրողներին ասել է խաղաղապահ խմբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմն ամբողջությամբ պահպանվում է: Խաղաղապահ զորախումբը կատարում է իր պարտականությունները բնականոն ռեժիմով: Դիրքերում իրավիճակը հանգիստ է»,- ասել է Պոլյուխովիչը:
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Ռուսաստանի ղեկավարի խոսքով` ադրբեջանական եւ հայկական կողմերը կանգ են առնում գրավյալ դիրքերում, իսկ տարածաշրջանում ռուս խաղաղապահներ են տեղակայվում:
Ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության` զորամիավորման հիմնական մասը Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումներն են: Ռուսաստանի դիտակետերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ օպերացիայի հրամանատարությունը տեղակայվել է Ստեփանակերտում: Իրավիճակը շուրջօրյա վերահսկվում է: