Արցախցիներն ինձ որդեգրեցին, տուն տվեցին, բուժեցին․ Հիմա թոռս է կռվում այս հողի համար, ես ո՞ւր գնամ․ Ռուս Բաբո (Տեսանյութ)
Wargonzo նախագծի լրագրող Սեմյոն Պեգովը Ստեփանակերտում հանդիպել է արմատներով Ռուսաստանից, բայց արդեն 64 տարի Արցախում ապրող 85 տարեկան Կատյա Տատիկին։
Նրան Ստեփանակերտում բնակվող բնիկ արցախցիները որդեգրել են, երբ 20 տարեկան էր։ Այդպես էլ մնաց ապրելու Արցախում։
«Ես ծանր հիվանդ էի, այստեղ ինձ տեղ տվեցին, բուժեցին ու շնորհակալ եմ նրանց դրա համար։ Ես չեմ կարող այստեղից գնալ, սա իմ երկրորդ բույնն է, որտեղ երկրորդ կյանք ստացա։ Կարևորը, որ ես այստեղ եմ մեծացել։ Եղբայրս այստեղ է կռվել ու մահացել։ Հիմա թոռս է կռվում հանուն Արցախի։ Ես արդեն երկու ծոռ ունեմ։ Ինչպե՞ս այս ամենը թողնեմ ու հեռանամ։ Ռուս ժողովուրդը երբեք իր բարեկամներին միայնակ չի թողնի։ Ինձ այստեղ ասում են Ռուս Բաբո, Բաբո Կատյա»։
Բաբո Կատյան աշխատում է խանութում, բոլորն այն ճանաչում են որպես ռուսական խանութ։ Նրան Ստեփանակերտում բոլորը սիրում ու հարգում են։ Ավելի քան քառասուն տարի աշխատել է նույն կազմակերպությունում։ Հիմա, երբ ապաստարանում է, հեռախոսը չի դադարում զանգել։ Հարցնում են ինչպես է, ինքն էլ համեստաբար պատասխանում՝ հրթիռներ են թռչում Ստեփանակերտի երկնքում։ Ասում է ՝ հիմա կարող է գալ Երևան, բայց թոռանն ո՞ւր թողնի։