Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի շարասյունը շուրջ 185 տոննա շինանյութ և սարքավորումներ է տեղափոխել Քարվաճառ. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել բեռների տեղափոխման անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Նշվում է, որ սոցիալական կառույցների և բնակելի տների էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի հերթական շարասյունը շուրջ 185 տոննա ուղեբեռ է հասցրել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի (Քելբաջար) շրջան:
Ինչպես հաղորդվում է, 25 ռազմամեքենաներից կազմված ավտոշարասյունը Քարվաճառ է տեղափոխել էլեկտրական սարքավորումներ, գեներատոր-կայաններ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր:
«Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների հիման վրա»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: