Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում
![](/timthumb.php?src=disc/08-02-25/e912d8b8dcf9bbecab27757052d4556b.jpg&w=450)
Այսօր ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայկական պատվիրակության հետ շրջայց է կատարել Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Քատարա» մշակութային գյուղակում (Katara Cultural Village)՝ ծանոթանալու հիմնադրամի կրթական, մշակութային, հետազոտական և սոցիալական ծրագրերին։
Տիկին Հակոբյանին ուղեկցել են հիմնադրամի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Խալիդ ալ Սուլաիթիի գլխավորությամբ։ Վերջիններս ներկայացրել են տարբեր բաժինների հիմնական գործունեությունը։
Շրջայցի ընթացքում պատվիրակությունը հնարավորություն է ունեցել այցելել Կատարի ավանդական առագաստանավերի թանգարան, որը համարվում է հիմնադրամի վիզուալ արվեստի կենտրոնի ամենակարևոր ցուցադրություններից մեկը։ Այցի շրջանակում ներկայացվել է նաև ժամանակակից և ավանդական իսլամական դիզայնով ոգեշնչված օպերային թատրոնը, դրամատիկկական թատրոնը, 3275 քմ մակերեսով դասական հունական ոճի ամֆիթատրոնը, Ալ Թուրայա պլանետարիումը՝ ամբողջական գմբեթավոր թվային համակարգով։ Առանձնահատուկ ուշադրության էին արժանի տարբեր երկրներին նվիրված անկյունները, որոնք ընդգծում են բազմազանությունը և միջազգային մշակութային երկխոսության կարևորությունը։
Այս կարևոր հանդիպումն ու շրջայցը ևս մեկ քայլ են «Իմ Քայլը» բարեգործական և «Քատարա» մշակութային հիմնադրամների միջև ձևավորված համագործակցության խորացման ճանապարհին: Առաջիկայում նոր համատեղ նախաձեռնություններ են նախատեսվում, որոնք կնպաստեն մշակութային և սոցիալական ոլորտների զարգացմանը։
«Իմ Քայլը» հիմնադրամի և «Քատարա» մշակութային հիմնադրամի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները սկիզբ էին առել դեռևս անցյալ տարվա մայիսին, երբ հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը այցելել էր Դոհա և շրջայց կատարել «Քատարա» մշակութային գյուղակում։ Այդ հանդիպումից ի վեր նախաձեռնվել և իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնք նպաստել են հայ-կատարական մշակութային և սոցիալական կապերի ամրապնդմանը: