Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. նրանք հիմա հյուրանոցում են. Լոռու մարզպետ
![](/timthumb.php?src=disc/08-02-25/33b892c9fbe4a9ed0f74391adbf7a20d.jpg&w=450)
Կառավարության կողմից հստակ հանձնարարական կա շատ արագ գույքագրել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
«Տարհանված բնակիչները ներկա պահին հյուրանոցում են: Հանդիպելու եմ բոլորի հետ, որպեսզի միասին որոշենք հետագա անելիքը: Յուրաքանչյուրին ըստ անհրաժեշտություն օգնություն կցուցաբերվի: Ոչ մեկն առանց տանիք ու աջակցության չի մնա:
Նախնական տվյալներով 54 գրանցված բնակիչ կա շենքում, այս պահին ճշտումների փուլում ենք, ու էլի ըստ նախնական տվյալների՝ փաստացի 32 բնակվող է եղել»,- ասաց մարզպետը:
Այս փայտե շենքի բնակիչների համար Կառավարության ֆինանսավորմամբ ավելի վաղ էր բնակարանաշինական ծրագիր մեկնարկել: 10 մլրդ դրամ արժողությամբ բնակապահովման ծրագրի արդյունքում բոլորն էլ տեղափոխվելու էին իրենց նոր տներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ի վաղ լուսաբացին հրդեհ էր բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքում: Փայտե շինությունից գրեթե ոչինչ չի մնացել: