Երևանում մեքենան բախվել է աղբահանության «KamAZ» բեռնատարին․ վիրավոր կա
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 55 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանի բնակիչ 52-ամյա Ադիկ Դ.-ի վարած «KamAZ» մակնիշի աղբատար բեռնատարն ու Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «KamAZ»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերությունում, իսկ «Mercedes»-ի հիվանդանոց տեղափոխված վարորդ Տիգրան Հ.-ն «ԱՁ» տնօրեն է: