Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել է նոյեմբեր ամսին իրականացրած միջոցառումները
ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը համաձայն նոյեմբեր ամսվա աշխատանքային պլանի՝ անց է կացրել մի շարք հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասախոսություններ, որոնք ուղղված էին արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների ու գիտելիքների զարգացմանը։
Մասնավորապես՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել Երևան քաղաքի թիվ 113, 146, 171 դպրոցներում, թիվ 51, 58 և 125 մանկապարտեզներում: Ուսումնավարժությունների նպատակն էր մասնակիցներին փոխանցել վարքականոնների վերաբերյալ նոր գիտելիքներ և կատարելագործել վերջիններիս գործնական ունակություններն ու հմտություններն արտակարգ իրավիճակներում։
Կարևորելով հրդեհային անվտանգությունը, հնարավոր հրդեհները կանխելու, դրանց առաջացման ռիսկերը նվազեցնելու, հրդեհների զարգացումը և դրանց վտանգավոր գործոնների տարածումը սահմանափակելու անհրաժեշտությունը՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամում, «Սոֆյա» սուպերմարկետում, Երևանի թիվ 93, 170 և 188 հիմնական դպրոցներում, ինչպես նաև «Աշխատակիցների հմտություններն ու կարողությունները հրդեհային իրավիճակներում» թեմայով սեմինար պարապմունք՝ «Այ Փի Էս Սի» ՍՊԸ-ում։
Ուսումնավարժանքների նպատակն էր խթանել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման, ինչպես նաև օղակների հրամանատարների գործնական ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը, զարգացնել արձագանքող ուժերի և կազմավորումների միջև փոխհամագործակցությունը: Միջոցառումներին ընդհանուր առմամբ ներգրավվել է 4628 մասնակից:
Կարևորելով նմանօրինակ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, վերջիններս կրելու են շարունակական բնույթ, իրենց ուրույն դերակատարությունն ունենալով արտակարգ իրավիճակներում անվտանգության մակարդակի բարձրացման և ռիսկերի նվազեցման գործում: