Կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է
Դեկտեմբերի 3-ի ժամը 22.50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի ծակած-կտրած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու: Վնասվածքը ստանալու հանգամանքների մասին պատանին որևէ տեղեկություն չի հայտնել:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Գյումրիի դպրոցներից մեկի մոտակայքում. վիճաբանության ժամանակ նրան կտրող-ծակող առարկայով հարվածել և վնասվածքը պատճառել էր անհայտ անձը:
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ դպրոցի մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակով հարվածել էր համաքաղաքացի հասակակից պատանին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը:
Գյումրիի բնակիչ 16-ամյա պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: