Մենք հետաքրքիր ենք ամբողջ աշխարհում բոլորս միասին՝ որպես Հարավային Կովկաս․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի պանելային քննարկման շրջանակներում անդրադարձել է տարածաշրջանային մասնատվածության վերակազմավորումը հասկանալուն։
«Հայաստանը շատ կառուցողական դեր է խաղացել՝ փորձելով ստեղծել տարածաշրջանային կայունության հիմքերը։ Եվ, իհարկե, դրա շատ կարևոր մասը տարածաշրջանային խաղաղության հասնելն է։ Իսկ դա նշանակում է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ Մենք հասկանում ենք, թե ինչ է ուզում Հայաստանը, բայց այն, ինչ երբեմն տեսանելի է, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է՝ դանդաղեցնելու կամ խոչընդոտներ ստեղծելու տարածաշրջանային կայունության համար։ Ձեր տեսանկյունից, ԱԳ նախարար, ինչպե՞ս եք պատկերացնում, թե իրականում ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև և ինչի՞ն կարելի է հասնել իրականում։ Հիմա ի՞նչ ենք ուզում և իրականում ինչի՞ն կարելի է հասնել»,- հարցին ի պատասխան՝ Միրզոյանը նշել է․
«Ավելի վաղ այսօր Հայաստանի վարչապետն անդրադարձավ այս հարցին, սակայն, կրկին անդրադառնալով այս հարցերին, ես կցանկանայի նշել, որ Հարավային Կովկասը նման է աշխարհի շատ տարածաշրջանների և տարածքների։ Մենք այստեղ երկար պատմություն ունենք մեր հարևանների հետ, և ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ եղել են ժամանակներ, երբ մենք համագործակցել ենք, ինչպես նաև հետաքրքիր ենք եղել մնացած աշխարհի համար և կարևոր դերակատար ենք եղել համաշխարհային քաղաքականության մեջ, մենք բոլորս միասին, Հարավային Կովկասը կարևոր խաչմերուկ է եղել առևտրային ուղիների համար և այլն։
Բայց նաև եղել են ժամանակներ, երբ մենք պատերազմել ենք, և դուք գիտեք, որ այս տարածաշրջանը, ինչպես հավանաբար աշխարհի շատ այլ տարածաշրջաններ, չափազանց շատ արյուն է տեսել: Մենք հիմա իրական հնարավորություն ունենք, մենք՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, իրական հնարավորություն ունենք փակելու թշնամության էջը այս տարածաշրջանում և բացելու կայունության և խաղաղության դարաշրջան։ Ես կարծում եմ, որ սա շահավետ կլինի բոլորիս համար։ Դրանից կշահենք ոչ միայն մենք երեքս, այլ նաև մեր հարևանները, ավելի մեծ տարածաշրջանը և բոլոր խաղացողներն ու ազգերը ամբողջ աշխարհում: Մենք իսկապես խաչմերուկի վրա ենք և պետք է ընտրություն կատարենք։ Մենք՝ Հայաստանում, որոշել ենք և ընտրել ենք խաղաղության օրակարգը, քանի որ հավատում ենք խաղաղության օգուտներին, բայց ինչպես յուրաքանչյուրը կարող է ենթադրել, որ դա շատ նման է պարելու։ Ես իսկապես սիրում եմ կրկնել սա. դու չես կարող մենակ պարել, քեզ պետք է, որ մյուս զուգընկերը պատրաստակամ լինի քեզ հետ պարելու: Այսպիսով, սա ընտրություն է, որը պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, նաև Վրաստանը, և Ադրբեջանը։
Բարեբախտաբար, մենք ուրախ ենք, Վրաստանի հետ շատ լավ և եղբայրական հարաբերություններ ունենալու համար, բայց նաև սպասում ենք խաղաղության և կայունության հաստատմանը նաև Ադրբեջանի հետ։ Սա իրատեսակա՞ն է։ Ես կարծում եմ՝ այո։ Մենք մեր աչքի առջև ունենք օրինակներ։ Իմ հարգարժան գործընկերը՝ Լյուքսեմբուրգի փոխվարչապետն ու արտաքին գործերի նախարարը հավանաբար կարող է վստահեցնել, որ Եվրոպայում նրանք նույնպես ունեցել են դժվար հարևաններ, բարդ հակամարտություններ։ Նրանք նաև բավականաչափ արյուն են տեսել և բավականաչափ ուժեղ են եղել, որ փոխեն ուղղությունը կոնկրետ այդ տարածաշրջանում, և մենք բոլորս, նստած այս դահլիճում, տեսնում ենք, որ այդ որոշումը բարգավաճում է բերել Եվրոպային։
Ի՞նչ կարելի էր անել իրատեսորեն: Մենք արդեն տեսնում ենք որոշակի շոշափելի քայլեր, տեսնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը սկսվել է։ Մենք տեսնում ենք, որ քննարկվում է բոլոր տարածաշրջային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը և բացումը։ Մենք տեսնում ենք, որ գոնե մեր կողմից կա շատ կառուցողական երկխոսություն խաղաղության պայմանագրի վերաբերյալ և բոլորս գիտենք, որ սա այս հարցի ևս մեկ հետաքրքիր նրբերանգ է։ Մենք նկատում ենք, որ մենք այստեղ՝ Հարավային Կովկասում, հետաքրքիր ենք մնացած աշխարհին, երբ համագործակցում ենք և, իհարկե, կարող ենք գոյատևել մասնատված լինելով, կարող ենք ինչ-որ կերպ գոյատևել առանձին: Մենք այստեղ գոյատևում ենք մի քանի հազար տարի և հուսով եմ, որ մի երկու հազար տարի էլ կշարունակենք ապրել որպես ազատ ազգ, բայց երբ միասնական լինենք, երբ համագործակցենք, գոնե երբ համագործակցության և հանդուրժողականության որոշակի միջավայր ունենանք այստեղ՝ Հարավային Կովկասում, ապա մնացած աշխարհի հետաքրքրությունը, Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի մեծ կլինի։ Մենք հետաքրքիր ենք ամբողջ աշխարհում բոլորս միասին որպես Հարավային Կովկաս, և սա իմ համոզմունքն է: Այսպիսով, այստեղ ես հավանաբար կցանկանայի կանգ առնել և հնարավորություն տալ մյուս պանելիստներին և անհամբեր սպասել հետաքրքիր երկխոսության»։