Աննա Հակոբյանը Չինաստանում հանդիպել է ՉԺՀ պետական խորհրդականի հետ (տեսանյութ)
Չինաստանի Ցինդաո քաղաք այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին կայանալիք «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին ընդառաջ հանդիպել է Պետական խորհրդական, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ տիկին Շեն Յիցինին: Այս մասին հայտնում են Առաջին տիկնոջ գրասենյակից։
Հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում էին ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը:
Չինական կողմից պատվիրակության կազմում էին Պետական խորհրդական, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ տիկին Շեն Յիցինը, Համաչինական կանանց ֆեդերացիայի փոխնախագահ տիկին Հուան Սիաովեյը, Շանդունի նահանգապետ Ճոու Նաիսիանը, Եվրասիական հարցերով ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը, ինչպես նաև «Շանհայի համագործակցության կազմակերպության» ներկայացուցիչներ, Շանդուն նահանգի և Ցինդաո քաղաքի ժողովրդական կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են, որ հայ-չինական հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչի մասին վկայում են ամենաբարձր, այդ թվում՝ երկրի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումներն ու փոխադարձ այցերը: Շեն Յիցինը հատուկ հիշատակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019-ի այցը, որի ընթացքում տիկին Աննա Հակոբյանն ուղեկցել է նրան:
Շենի խոսքով այդ այցը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում շատ բան է փոխել: Շեն Յիցինը հույս է հայտնել, որ «Շանհայի համագործակցության կազմակերպությունը» ևս մեկ հարթակ կարող է լինել այդ հարաբերությունները զարգացնելու հարցում:
Աննա Հակոբյանն իր խոսքում կարևորել է հանդիպումը և «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովում ներգրավված լինելը՝ շեշտել, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:
Աննա Հակոբյանը հավելել է, որ կանանց կարողությունների զարգացումն էլ իր ղեկավարած հիմնադրամի առաջնահերթություններից է:
«Ես անձամբ, ինչպես նաև իմ հիմնադրած ու ղեկավարած հիմնադրամի շրջանակում մեծ ջանք ենք գործադրում կանանց աջակցության, հզորացման, կանանց կրթվելու, ինքնավստահ ու ավելի համարձակ լինելու, տնտեսության ու հանրային կյանքի այլ ոլորտներում ներգրավվածություն ունենալու ուղղությամբ, և տեղյակ եմ, որ Համաչինական կանանց ֆեդերացիան նույնպես ունի կանանց հզորացնելու նպատակ։ Առաջարկում եմ դիտարկել «Իմ Քայլը» հիմնադրամի և Համաչինական կանանց ֆեդերացիայի միջև գործակցությունը և երկու ուղղություներով կանանց ճանաչողական այցեր կազմակերպելու հնարավորությունը: Ես կարծում եմ, որ բոլոր հայ կանայք, որոնք ստացել են հիմնադրամի աջակցությունը և մասնակցել են մեր ծրագրերին, մեծ ուրախությամբ կմիանան նման նախաձեռնությանը և կայցելեն բարեկամ Չինաստան, կկիսեն իրենց փորձը, կյուրացնեն այստեղինը և ավելի հարստացած գիտելիքներով ու մշակույթով կվերադառնան Հայաատան»,- իր խոսքում ասել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:
«Իմ Քայլը» հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր ունի, որոնց շրջանակում Չինաստանում գործակցության նոր եզրեր գտնելու համար Աննա Հակոբյանը հանդիպում է ունենալու նաև «Soong Ching Ling» հիմնադրամի ներկայացուցիչների հետ` շարունակել է վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանը Շեն Յիցինին պաշտոնապես հրավիրել է Հայաստան։