Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ՀՀ ՆԳՆ-ից այն մասին, որ սեպտեմբերի 10-ին, «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
«Ներկա պահին առկա տվյալներով պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 անձ։ Վերջիններս տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):
Ձևավորվել է քննչական խումբ, որը, ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ գտնվում է դեպքի վայրում և իրականացնում է անհրաժեշտ առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։
Կատարվածի հանգամանքները, պատճառները պարզվում են: Нախաքննության միջանկալ արդյունքների մասին ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ տեղեկատվություն կհրապարակի»,- ասվում է հաղորդագրությունում։