Վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու անդամ Անուշ Գինոսյանի լիազորությունները
Երևանի ավագանին քննարկել և որոշում է ընդունել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:
Ավագանու որոշման նախագիծը նիստում ներկայացրել է «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։
Նրա խոսքով՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերության կողմից ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ին ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Անուշ Գինոսյանը բացակայել է 2024 թվականի փետրվար-հունիս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Երևանի ավագանու նիստերի քվեարկությունների կեսից ավելիից՝ բացակայելով տեղի ունեցած 29 քվեարկություններից 16-ից:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորություները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում բացակայել է քվեարկությունների ավելի քան կեսից:
«Հիմք ընդունելով օրենքի այս հոդվածը առաջարկում ենք վաղաժամկետ դադարեցնել Երևան քաղաքի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները»,-ասել է Ավագյանը։
Քննարկումներին հաջորդած քվեարկության արդյունքում՝ Երևանի ավագանին 33 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Անուշ Գինոսյանին ավագանու անդամի մանդատից զրկելու որոշման նախագիծը։