Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի խորհրդարանի խոսնակին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
![](/timthumb.php?src=disc/14-02-25/ca61efc867642b227b6ff61baf27e8b6.jpg&w=450)
Փետրվարի 13-ին Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։
Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի խոսնակին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում իր ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար, կարևորել Կիպրոսի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր մակարդակներում՝ առանձնացնելով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ակտիվության պահպանումը։
Այդ համատեքստում քննարկվել են առաջիկայում Հայաստան այցելելու հնարավորությունները։ Դեսպանը նաև տեղեկացրել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից նախօրեին «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման մանրամասները։
Ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, տարածաշրջանային զարգացումները։
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիուն պատասխանել է, որ ընդունել է Հայաստան այցելելու հրավերը՝ ավելացնելով, որ Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի։ Նա վերահաստատել է Կիպրոսի աներկբա աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը։
Անիտա Դեմետրիուն իր կողմից շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կիպրոսին վերաբերող հարցերում մշտապես զորակցելու համար։ Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։