Մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
![](/timthumb.php?src=disc/10-02-25/9ef62b1d488209afde0037405f83d1fb.jpg&w=450)
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի հոբելյանին:
Փետրվարի 11-ին՝ ժամը 14։00-ին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում կներկայացվի «Ինքնանկարի փորձ» խորագրով ցուցադրությունը:
Փետրվարի 11-ին՝ ժամը 19։30-ին, տեղի կունենա արտապատկերում արհեստական բանականությամբ՝ Հրանտ Մաթևոսյանի տան պատշգամբից (Պուշկինի փ․, ժուռնալիստների միության շենք): Արհեստական բանականությամբ ստեղծված արտապատկերման միջոցով Մաթևոսյանի պատշգամբից հանրությանը «ներկայանալու է» ինքը՝ հանճարեղ գրողը, ասելու՝ «Ես տեր եմ իմ ժամանակին», որին հաջորդելու են մաթևոսյանական ընթերցումներ։
Փետրվարի 12-ին՝ ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակին: Հաջորդիվ տեղի կունենա մաթևոսյանական «Ես տեր եմ իմ ժամանակին» տեքստի ընթերցում։
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Կինոյի տանը տեղի կունենա «Տերը» մուլտիմեդիա ցուցահանդեսի բացումը: