Աշխատանք և ուսուցում` 2020-ից հետո զորացրվածների և ռազմական գործողություններին մասնակցածների համար
![](/timthumb.php?src=disc/10-02-25/6cee744f3f6d9005fc3bccbf05394c4e.jpg&w=450)
Պետությունը շարունակում է աջակցել 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում․ ծրագրից կարող են օգտվել նաև Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձինք։ Տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նշվում է, որ միջոցառման շրջանակում շահառուն հնարավորություն ունի ընտրել երեք բաղադրիչներից որևէ մեկը՝
-ստանալ մասնագիտական ուսուցում և անցնել աշխատանքի,
-ձեռք բերել աշխատանքային փորձ և անցնել աշխատանքի,
-անցնել աշխատանքի՝ գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Առաջին բաղադրիչի շրջանակում՝ շահառուին հնարավորություն է տրվում անցնել մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այս դեպքում՝ պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ի չափով (37,500 դրամ), ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ մեկ տարի ժամկետով։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ իրականացվում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։ Այս դեպքում՝ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ամսական կտրվածքով, ինչպես նաև շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային և սոցիալական վճարները՝ առաջին 3 ամսում ամսական առավելագույնը 25,000 դրամի չափով, հաջորդ 9 ամիսներին՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով)։
Երրորդ բաղադրիչի շրջանակում՝ գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում՝ 300,000 դրամի չափով՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու պարագայում։
Գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն դիմած քաղաքացին որ բաղադրիչի անհրաժեշտությունն ունի։
Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։