Մանիպուլյացիան չափ ունի՞, ինչո՞ւ եք ասում 65 դրամ է տրանսպորտի ինքնարժեքը, ասեիք ձրի է. Ավինյանը՝ ընդդիմությանը
Արդարացված են բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տրանսպորտային համակարգում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 65 դրամ է։
«Ես չեմ պատկերացնում՝ այդ թվերը որտեղի՛ց են վերցնում։ Կարող էին ասել՝ 23 դրամ կամ 6 դրամ։ 6 դրամն ավելի լավ է հնչում։
Մինչդեռ իրականում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսը ամսական մոտավորապես 1.8 մլրդ դրամ է՝ դեռ չհաշված գնված ավտոբուսները»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ նոյեմբերին, երբ ուղևորափոխադրումների քանակը 10 միլիոնից ավելի էր, այդ ամսվա տվյալներով՝ մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 200 դրամից ավելի է։
«Ունենք մի խնդիր՝ արած աշխատանքն ավելի լավ ներկայացնելու և այս պարզ ճշմարտությունները մարդկանց հասանելի դարձնելու, որովհետև երբ մենք չենք խոսում, խոսում են մանիպուլյացիայի լեզվով, մարդիկ էլ լսում են դա,- ասաց քաղաքապետը և հավելեց,- 1990-ականների վերջից 100 դրամ ուղևորափոխադրման վճար ենք ունեցել, հիմա ուզում են մարդիկ համոզել, որ նոր՝ 12-մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8,5-մետրանոց մեր նոր պարկով հնարավոր է 65 դրամով մարդկանց տեղափոխել: Ասում են՝ դա է ինքնարժեքը: Ասում եմ՝ կարող էին ասել՝ 6 դրամ, ինչո՞ւ 65, 7 դրամ, ձրի, մինուս»:
Ավինյանը այդ խոսակցություններն անվանեց «մանիպուլյացիա»՝ նշելով, որ դրանց տարածման համար մեղավորն իրենք են, որ չեն արձագանքում. «Մանիպուլյացիան չափ ունի՞, սահման ունի՞։ Ինչ-որ մի կետում ավարտվելո՞ւ է մարդկանց մասսայաբար խաբելու պրակտիկան»։