Իսրայելը շարունակում է հարձակումներ իրականացնել Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ
![](/timthumb.php?src=disc/10-02-25/b53ccbf163eff099e239dd922a9dc47f.jpg&w=450)
Իսրայելական ռազմական ինքնաթիռները մի քանի ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավային, ինչպես նաև լիբանանասիրիական սահմանին գտնվող Բեքաայի և Հերմելի շրջաններին: Հարձակումների հետևանքով Լիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովտում մեկ ընտանիքից 4 մարդ է վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Mayadeen լրատվական ալիքը։
Իսրայելական օդուժը մի շարք հարձակումներով նաև թիրախավորել է հարավային Լիբանանի Ազզա և Ռումին քաղաքների միջև ընկած բաց տարածքը, Ջաբուրի բարձունքները։
Շարունակելով իսրայելական կողմից Լիբանանում հրադադարի ռեժիմի խախտումները` իսրայելական օդանավերը թիրախավորել են «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ կրակակետերը, ստորգետնյա ապաստարանները և պահեստները։ Տեղեկությունների համաձայն՝ Հերմելի հյուսիսային շրջանում հարված է հասցվել նաև շիա ստորաբաժանումների ճամբարին, սակայն հետևանքների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։