Խուլիգանական պահվածքը չի կարող հանդուրժվել․ Ավինյան
![](/timthumb.php?src=disc/10-02-25/291d182e56b9d1b9ff40142e9363676a.jpg&w=450)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց, որ այս օրերին հանրային տրանսպորտում խուլիգանական պահվածքի մեկ-երկու դեպք է նկատել, խնդրեց զեկուցել դրանց մասին։
«Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք արձանագրվող։ Կարծում եմ՝ ընկալում պետք է լինի, որ հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է, եթե մենք մեր սեփականության նկատմամբ նման վերաբերմունք ունենք, համապատասխան արձագանք պիտի լինի, կարծում եմ՝ ադեկվատ ու ճիշտ արձագանք է եղել։ Խուլիգանական պահվածքը չի կարող հանդուրժվել»,- ասաց նա։
Ավինյանը նշեց՝ ցանկանում է շնորհակալություն հայտնել վարորդներին իրենց համբերատարության համար։
«Տեսնում եմ՝ ավելի ու ավելի շատ վարորդներ համբերատար իրենց աշխատանքը կատարում են։ Բայց ես խնդրում եմ մեր վարորդներին մնալ հանգիստ, կատարել իրենց աշխատանքը, չտրվել սադրանքներին։ Այն հարցերն ու խնդիրները, որ բարձրաձայնում են, լուծելով գնում ենք»,- նշեց նա։
Քաղաքապետին զեկուցեցին, որ բիոզուգարանների տեղադրման աշխատանքներն ավարտվել են, նաև՝ որ ունեցել են դեպք, երբ վերջնակետերից մեկում տեղադրված բիոզուգարանը նետել են ձորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 7-ին Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Քաղաքացին ձերբակալվել է խուլիգանություն և գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։