Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են. Փաշինյանի հոդվածը
![](/timthumb.php?src=disc/10-02-25/ca8ddc689fd0ce8b42a9303adf6c3cdc.jpg&w=450)
Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա և հետևաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի:
Եթե ավելի կարճ և ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետևյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետևաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում:
Քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. կամ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը հարձակվելու մտադրություն ունի և փորձում է դա իրագործելու հիմքեր ձևավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է:
Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա
Ցանկացած անաչառ դիտորդ կարող է փաստել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս հարցում տարընթերցման ոչ մի տեղ չի թողել: Բազմիցս հայտարարել եմ, և հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով:
Այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի բազային սկզբունք:
Նաև այս փաստի հաշվառումով է, որ մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգը արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա:
Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել եմ, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա իհարկե չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղապահ զորախմբերի մասնակցությանը):
Հետևաբար՝ Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են:
Արդյո՞ք սպառազինվում է Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանի Հանրապետությունը իր բանակը բարեփոխում է վերը բերված սկզբունքի շրջանակում, այսինքն՝ իր միջազգայնորեն, այդ թվում Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սա ընդ որում, ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունք է, որը վիճարկելն իսկ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:
Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ: Եվ այո, և ոչ:
Ոչ, որովհետև, ինչպես վերը պարզաբանեցի, Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի:
Այո, որովհետև Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ:
Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձևակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից և համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական և իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»:
Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ և հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ:
Լուծումներ
Այս իրադրության լուծումները դրված են սեղանին և դրանք գեներացվել են հենց Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում: Նախ՝ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները հիմնավորապես լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, այլև ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը: Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբևէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ և հասունացած է ստորագրելու համար, չնայած՝ չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է համապարփակ լուծումներ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:
Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:
Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան և միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը բնականոն և կառուցողական աշխատում են:
Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:
Այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից և հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՀ վարչապետ