81-ամյա թոշակառուն հայտնել է, որ թույնել են իրեն պատկանող թվով 53 մեղվաընտանիքները
![](/timthumb.php?src=disc/10-02-25/86527c2f9988550b232caf73343c71b1.jpg&w=450)
Փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թույնել են Գորիս քաղաքի Սաթյան փողոցի տներից մեկի բակում գտնվող մեծ թվով մեղվաընտանիքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Սյունիքի մարզի բնակիչ 81-ամյա Մարտունիկ Ա․-ն հայտնել է, որ հունվարի 26-ի ժամը 14։00-ից մինչև հունվարի 29-ի ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում թույնելու միջոցով ոչնչացրել են իրեն պատկանող, որդու՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Ա․-ի կողմից խնամվող, Գորիս քաղաքի Սաթյան փողոցի թիվ 18 հասցեի տան կից հողատարածքում տեղադրված 43 փեթակների մեջ գտնվող 53 մեղվաընտանիքները՝ պատճառելով նյութական վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով քաղաքացին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել քանի որ փորձել է ինքնուրյուն գտնել կատարող անձին:
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: