ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
![](/timthumb.php?src=disc/09-02-25/8f16343cc397c48178a7083790c52b6e.jpg&w=450)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Այդ մասին «Լուրերին» հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։
Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ։
ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ մոտ մեկ շաբաթ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ-ն և դրա արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ աշխատակիցների այդ գործողություններն ապօրինի են, իսկ նրանց պահանջները՝ անիրատեսական։ ԶՊՄԿ-ն նաև հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցում են նաև կոմբինատի հետ որևէ կապ չունեցող անձինք։ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցների և կոմբինատի հետ կապ չունեցող անձանց գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ էր ներկայացրել իրավապահ մարմիններին։