Մոլախաղերը՝ անձնական ու հասարակական աղետի աղբյուր․ Հայկ Սարգսյան
![](/timthumb.php?src=disc/09-02-25/22ea9e2e4cfd714e22605bdc1f3989fb.jpg&w=450)
Պատգամավոր Հայկ Սարգսյանը գրում է․
«Մոլախաղերը՝ անձնական ու հասարակական աղետի աղբյուր
Այսօր շատերը չեն գիտակցում, թե որքան կործանարար ազդեցություն ունեն օնլայն կազինոներն ու մոլախաղերը մեր հասարակության վրա։ Մի քանի փաստ․
Հայաստանում մոլախաղերի բիզնեսը տարեցտարի աճում է, մինչդեռ դրանց զոհ դարձած ընտանիքների թիվը գնալով ավելանում է։ Վերջերս պարզվել է, որ ինքնասպանությունների մեծ մասը գործազուրկ տղամարդիկ են, որոնցից շատերը խրվել են պարտքերի մեջ հենց մոլախաղերի պատճառով։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրը միայն մեզ չի վերաբերում։ Մեծ Բրիտանիայում տարեկան մինչև 500 ինքնասպանություն է գրանցվում մոլախաղերի պատճառով։ Ավստրալիայում մեկ տարում 200-ից ավել ընտանիք է քայքայվում խաղամոլության հետևանքով, իսկ ԱՄՆ-ում որոշ նահանգներում մոլախաղային հակում ունեցող մարդկանց 20%-ը ինքնասպանության փորձ է կատարում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մոլախաղերի կախվածություն ունեցող անձինք 15 անգամ ավելի հաճախ են կատարում ինքնասպանություն։
Միևնույն ժամանակ, շահումով խաղերի ոլորտը շարունակում է բարգավաճել՝ ապահովելով հսկայական եկամուտներ։ Տնտեսագետների գնահատմամբ, սա ոչ թե տնտեսական աճ է, այլ հանրության բարոյական ու սոցիալական դեգրադացիայի նշան։
Այս խնդիրը լուրջ ուշադրության կարիք ունի։ Եթե համաձայն եք, տարածեք ու կիսվեք ձեր կարծիքներով՝ միասին կանգնեցնելու համար այս աղետը»։