Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը հասել է այնպիսի մասշտաբների, որ շուտով քաղաքային բյուջեն բերելու ենք կոլապսի. Հակոբյան
Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը հասել է այնպիսի մասշտաբների, որ շուտով քաղաքային բյուջեն բերելու ենք կոլապսի, որ հասկանան՝ ավելի լավ է վերականգնեն 100 դրամը, որի դեպքում ավելի շատ է հավաքագրումներ լինում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, որն արդեն 8-րդ օրն է՝ ինչ մասնակցում է բոյկոտի գործողություններին:
«Կոնֆլիկտների մի΄ գնացեք, սադրանքի մի΄ տրվեք, դուք խուլիգանություն չե΄ք անում, խախտում չե΄ք անում, դուք դեմ եք ապօրինի թանկացմանը»,-ասաց նա:
Անդրադառնալով նախօրեին 31 համարի ավտոբուսում կողային ապակին կոտրելու դեպքին, նա ասաց, որ կողմ չէ գույքի ոչնչացմանը, իրենք միայն դեմ են ապօրինի թանկացմանը:
«Ես չեմ զարմանա, որ դա կրկին ՔՊ-ի ներկայացուններից է, որովհետեւ այն իշխանությունը, որը իրեն թույլ է տալիս, որ թաղապետարանի աշխատակիցներին հրահանգեն օգտվել ավտաբուսներից, կարող են սադրել նաեւ նման բաներ»,-ասաց նա:
Հակոբյանը խորհուրդ տվեց քաղաքացիներին չվճարել, վարորդին շնորհակալություն հայտնել եւ իջնել. «Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան, վարորդին ասում եք շնորհակալություն եւ իջնում եք, բոյկոտը շարունակում ենք»: