Իմքայլականների մի մասը, որոնք Վահե Գրիգորյանի ազդեցության տակ են, դեմ է ՍԴ դատավորի պաշտոնում Կառավարության և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի վերջո, Արթուր Վաղարշյանին առաջադրեց որպես Սահմանադրական դատավորի թեկնածու:
Իսկ ավելի վաղ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու էր ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, իսկ Կառավարությունը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին: Եվ այս առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը, որոնք գտնվում են Վահե Գրիգորյանի ազդեցության տակ, դեմ են Կառավարության ու Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուներին, և «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց մի մասը դեմ է նաև Արթուր Վաղարշյանին, որը մեկ անգամ արդեն առաջադրված և հենց «Իմ քայլ»-ի կողմից մերժված է եղել: Վերջինիս ընտրությունը տապալվել էր 2019 թվականի մայիսի 29-ին պատգամավորների 30 «կողմ» և 53 «դեմ» ձայներով:
Իսկ մինչ այդ Ազգային ժողովը չէր հաստատել նաև նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Վահե Գրիգորյանին և էմիլ Բաբայանիև (ավելի ուշ՝ ևս մեկ անգամ առաջադրումից հետո Գրիգորյանն ընտրվել էր):
Ստացվում է՝ 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև մայիսի 30-ը հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն, և Ազգային ժողովը մերժել է հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին: Այսպիսով՝ այսօր մի իրավիճակ ունենք, երբ իշխող «Իմ քայլը» խմբակցության մի մասը դեմ է նրանց: Խոսք պատգամավորների այն թևի մասին է, որը գտնվում է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ազդեցության տակ և հենց նրա լոբբինգով շարժվելով էլ՝ դեմ են արտահայտվում հատկապես Վահրամ Ավետիսյանին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում: