ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում
Քրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։
Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն կոմպոզիտորի առօրյայից, մեծ կոմպոզիտորի համար ոգեշնչման աղբյուր հանդիսացող երևույթներից ու խորհրդանիշներից։ Ազատազրկված անձանց ցուցադրվել է նաև թանգարանի այն սրահը, որտեղ բավական մեծ տեղ է հատկացված «Ալմաստ» օպերայի բեմական պատմությանը, ինչպես նաև ներկայացվել է Սպենդիարյանի մտահղացմամբ «Երեք արմավենի» ստեղծագործության համար պատրաստված երաժշտական գործիքը՝ «Սպենդիարոֆոնը»։
Առցանց այցելությունն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան եղել է շատ հագեցած և բովանդակալից։