Նախագահին տրված ժամկետը լրացավ. գնդակն Արարատ Միրզոյանի դաշտում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր լրանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով ստորագրելու համար նախատեսված ժամկետը: Բանն այն է, որ հունիսի 30-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, թե չի ստորագրելու այդ օրենքը, որը խորհրդարանի կողմից ընդունվել էր արտահերթ նստաշրջանով եւ հատուկ 24-ամյա ռեժիմով:
Եվ, ահա, Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահը ստորագրում ու հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով, եւ այդ 21 օրն ավարտվում է այսօր:
Արդեն այս պարագայում, օրենքի համաձայն, Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը, որից հետո էլ այն մտնում է ուժի մեջ:
Նշենք, որ, ըստ այդ փոփոխությունների, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` Կառավարություն, ապա Հանրապետության նախագահ, այնուհետեւ Դատավորների ընդհանուր ժողով, ինչպես նաեւ ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչեւ ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու:
Եվ արդեն այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո տարիքով ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը կստանձնի ՍԴ նախագահի պարտականությունները, եւ կսկսվեն թափուր մնացած պաշտոններում դատավորների առաջադրումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: