Գեղարդ-Վանական համալիր ճանապարհի բացման համար պայթեցումները շարունակվում են. ճանապարհը դեռ փակ է (լուսանկարներ)
Գեղարդ-Վանական համալիր ճանապարհի բացման համար պայթեցումները շարունակվում են։
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 09:45-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ «Նյուտեխշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներ, իսկ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից՝ ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ժամը 09:30-ից 20:59-ը հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տարածքում իրականացրել է հերթապահություն եւ օժանդակել պայթեցման աշխատանքներին:
Ժամը 20:10-ին աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն առավոտյան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: