Կարիֆուրի նման բիզնեսները չեն խանգարում փոքր և միջին բիզնեսին, դրանց խանգարում են սթարները, սասերը և սիթիները. Հրանտ Բագրատյան
Operativ.am-ը զրուցեց տնտեսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ այն հարցի առնչությամբ, որ մանր ու միջին գործարանները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել, քանի որ «Կարիֆուր» հիպերմարկետների ցանցը մտադիր է Երևանում՝ «Դալմա գալդեն մոլ»-ում մասնաճյուղ բացել: Տեղական արտադրողները մտավախություն ունեն, որ «Կարիֆուր»-ը կկլանի ողջ տեղական շուկան: Այն հարցին, թե արդյոք տեղի՞ն է վերջիններիս մտավախությունը, Բագրատյանը պատասխանեց.
«Ոչ, որովհետև Կարիֆուրի նման բիզնեսները չեն կարող խանգարել փոքր և միջին բիզնեսին, որովհետեւ եթե իշխանությունները որոշում են, որ Կարիֆուրին տալիս են տեղ, որը ֆիզիկապես գտնվում է ասենք՝ ոչ քաղաքի կենտրոնում, այլ համարյա թե քաղաքի սահմաններից դուրս կամ քաղաքի ծայրամասին մոտիկ, դա նորմալ է: Այդ դեպքում տվյալ առևտրի կենտրոնը գործում է իբրև մանրամեծածախ կենտրոն, որը մի բան էլ օգնում է փոքր և միջին բիզնեսին: Փոքր և միջին բիզնեսին խանգարում են քաղաքի կենտրոնում գտնվող սթարները, սասերը, սիթիները»: