Գուտերեշը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել շարունակել պատանդների ազատ արձակման գործընթացը
![](/timthumb.php?src=disc/12-02-25/790bce38b33b3112e8b1fc59a0ef9584.jpg&w=450)
Մենք պետք է ամեն գնով խուսափենք Գազայում ռազմական գործողությունների վերսկսումից, որոնք հսկայական ողբերգության կհանգեցնեն՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նա ՀԱՄԱՍ-ին կոչ է արել շարունակել պատանդների ազատ արձակման գործընթացը։
«Երկու կողմերն էլ պետք է լիովին հավատարիմ մնան հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և վերսկսեն լուրջ բանակցությունները»,- նշել է Գուտերեշը:
Աննալենա Բերբոքն էլ անպատասխանատու է որակել, որ ՀԱՄԱՍ-ը վտանգի տակ է դնում գործարքի կյանքի կոչումը։
«Ե՛վ Իսրայելի կառավարությունը, և՛ ԱՄՆ-ը պետք է ամեն ինչ անեն, որ մենք անցնենք 2-րդ փուլին և իրական խաղաղության հաստատման հեռանկարին»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հետաձգում է իսրայելցի պատանդների հերթական խմբի ազատ արձակումը, որը նախատեսված էր փետրվարի 15-ին։ Պաղեստինյան խմբավորումը պնդել է, որ Իսրայելը խախտում է հրադադարի գործարքի դրույթները, թույլ չի տալիս Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին վերադառնալ իրենց տներ, ինչպես նաև խոչընդոտում է հումանիտար օգնությունը։ Շարժումը նշել է, որ կվերսկսի գերիների փոխանակումը, եթե միջնորդները ստիպեն Իսրայելին կատարել ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները: Իսրայելի պաշտպանության նախարարն էլ «հրադադարի ուղղակի խախտում» է որակել ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը։