Պաշտոնական Դամասկոսը հայտնել է սիրիական ապրանքների նկատմամբ սահմանափակումները վերացնելու Թուրքիայի որոշման մասին
![](/timthumb.php?src=disc/12-02-25/7ebfb10cc067a91f39db9a8c4cdb62c0.jpg&w=450)
Թուրքիան որոշել է չեղարկել սիրիական ապրանքների առևտրի և տարանցման հետ կապված սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, վկայակոչելով Սիրիայի ցամաքային և ծովային նավահանգիստների գլխավոր վարչության կապերի պատասխանատու Մազեն Ալուշին, հայտնել է սիրիական SANA լրատվական գործակալությունը:
Գործակալությունը նշել է, որ Թուրքիայի առևտրի նախարարության հետ խորհրդակցություններն ավարտվել են թուրքական շուկա սիրիական ապրանքների և մթերքների մատակարարման սահմանափակումները վերացնելու որոշմամբ: Մազեն Ալուշը նշել է նաև, որ Անկարան համաձայնել է արտոնել իր տարածքով սիրիական ապրանքների տեղափոխումը երրորդ երկրներ:
Թուրքիան և Սիրիան ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը կասեցրել էին 2011 թվականին՝ արաբական երկրում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո:
Այս տարվա փետրվարի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ժամանակավորապես Սիրիայի նախագահի պարտականությունները կատարող Ահմադ աշ Շարաան Անկարայում բանակցել էին սիրիական տարածքում անվտանգության ապահովման և տնտեսական հարաբերությունների շուրջ։
2024 թվականի նոյեմբերի վերջին ընդդիմության զինված խմբավորումները լայնածավալ հարձակում էին սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել էին մայրաքաղաք Դամասկոս, իսկ Բաշար ալ Ասադը հրաժարական տալով Սիրիայի նախագահի պաշտոնից՝ լքել էր երկիրը։ Դեկտեմբերի 10-ին այսպես կոչված փրկության կառավարությունը գլխավորող Մուհամեդ ալ Բաշիրը հայտարարել էր իրեն Սիրիայի անցումային կառավարության ղեկավար նշանակելու մասին:
Այս տարվա հունվարի 29-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման առաջնորդ Ահմադ աշ Շարաան նշանակվել էր Սիրիայի՝ անցումային շրջանի նախագահ: