Արայիկ Հարությունյանն ընդունել է Կառավարության շենք ճանաչողական այցի մասնակիցներին
![](/timthumb.php?src=disc/12-02-25/99ba00047e08bb8ebe5034de6c6cf804.jpg&w=450)
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի գլխավորությամբ՝ մագիստրանտները, ասպիրանտներն ու ակադեմիայի աշխատակիցներն այսօր այցելել են ՀՀ Կառավարության շենք՝ ճանաչողական այցով: Վերջիններիս ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության գործունեության հիմնական սկզբունքները: Այնուհետև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է այցի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես՝ Հայաստանի կառավարման համակարգին, արտաքին քաղաքականությանը, զբոսաշրջության զարգացման միտումներին, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
Հյուրերը եղել են Կառավարության նիստերի դահլիճում, խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում, ընդունելությունների փոքր սրահում, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում, Կառավարական 1-ին տան թանգարանում, ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը: