60-ամյա տղամարդը կոտրել է մեքենայի ապակին, գողացել տարբեր իրեր ու փաստաթղթեր
![](/timthumb.php?src=disc/11-02-25/977aef4df0bd6d8f587d399658f48f3d.jpg&w=450)
Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ապակին կոտրել և սրահից գողացել են նվագարկիչ, բարձրախոսներ, բռնակներ, լապտերներ և փաստաթղթեր:
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել է նույն պողոտայի 60-ամյա բնակիչը։ Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և հայտնել, որ գողոնը գտնվում է իր բնակության հասցեում:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։