Շենքի բակում հայտնաբերված 26-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել
![](/timthumb.php?src=disc/11-02-25/3828ee93a781b6c2d4783727f02884b1.jpg&w=450)
Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օրբելի փողոցում՝ շենքերից մեկի մոտ, գետնին ընկած քաղաքացի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել, որ մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը շտապօգնության ավտոմեքենան վիրավոր քաղաքացուն տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 26-ամյա Արտուշ Գ․-ն է։
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
Ըստ նախնական տեղեկությունների մահացածը երրորդ հարկից մինչև իրեն ցած նետելը կատարել է ինքնավնասում, սակայն այդ տեղեկությունը Արաբկիրի ոստիկանները ու քննչական բաժինը պարզում են։