Ջավախահայերին ՀՀ-ում տուգանելն անթույլատրելի է, մուտքի օրերի սահմանափակումը՝ նույնպես. Դանիելյան
![](/timthumb.php?src=disc/11-02-25/ff91700bcad752e4fa65a553999f18e4.jpg&w=450)
Օրերս ինձ էին դիմել բազմաթիվ ջավախահայեր, որոնք ՀՀ ժամանելիս բախվում են լրջագույն խնդրի։
Գաղտնիք չէ, որ ջավախահայ մեր հայրենակիցները վերջին տարիներին, հիմնականում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով, Վրաստանի քաղաքացիության հետ մեկտեղ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել նաև ՀՀ քաղաքացիություն:
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին, իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Եվ այսպես, երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը ՀՀ տարածքում պարեկների կողմից զանգվածաբար տուգանվում են։
Ճիշտ է, ըստ գործող կարգի՝ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացին պարտավոր է ունենալ հայկական վարորդական վկայական, սակայն, կարծում եմ, որ Վրաստանում ապրող, Վրաստանի քաղաքացիություն ու վրացական վարորդական իրավունքի վկայական ունեցող և իբրև Վրաստանի քաղաքացի ՀՀ մուտք գործող մեր հայրենակիցների դեպքում, սա, արդարացի որոշում չէ թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով։
Խնդրի կապակցությամբ դիմել էի Ներքին գործերի նախարարությանը։ Ի պատասխան իմ հրապարակմանը՝ ասվում էր, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։
Այս ամբիոնից ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ 1 ամսյա ժամկետի սահմանումը բոլորովին չի լուծում խնդիրը։ ՆԳՆ-ին առաջարկում եմ վերանայել ժամկետների հարցը՝ քննարկելով նաև երկքաղաքացիների դեպքում անժամկետ երթևեկության թույլատրումը։
Աբսուրդ է նաև առավոտյան հարցիս ի պատասխան հնչեցրած ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանի այն հիմնավորումը, թե իրենք չեն կարող միայն տվյալ խնդրի համար քաղաքացիության ինստիտուտի ամբողջ բովանդակությունը աղճատել։
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեկ ամիսը չի աղճատում, իսկ, օրինակ, 6 ամիսը աղճատում է այդ ինստիտուտի բովանդակությունը։
Իսկ ժամկետների վերանայումը ոչ միայն չէր աղճատի, այլև կամրապնդեր երկքաղաքացիության ընստիտուտը։ Այսպիսի չմտածված որոշումներով կտրում եք մեր հայրենակիցների կապը մայր պետության հետ։ Վիրահայերն ասում են՝ հերիք է մեզ տուգանեք։ Նման պայմաններում մարդիկ հիասթափվելու են և այլևս չգան Հայաստան։
Օգտվելով առիթից, Ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել ևս մեկ խնդիր, որին բախվում են ոչ միայն ջավախահայերը, այլև բոլոր այն վիրահայերը, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում են երկքաղաքացի:
Ինչպես վերը նշեցինք, Վրաստանում ապրող մեր գրեթե բոլոր քաղաքացիները ունեն ՀՀ քաղաքացիություն։ Եվ այժմ, ստացվում է, որ շուրջ 170․000 վիրահայեր վրացական պետհամարանիշների մեքենաներով չեն կարողանում ՀՀ տարածքում 15 օրից ավելի անցկացնել։ Եվ սա այն դեպքում, երբ նրանցից հազարավորները մշտական սերտ կապի մեջ են ՀՀ-ի հետ՝ պայմանավորված ուսմամբ, բուժմամբ կամ աշխատանքով։
Զավեշտալին այն է, որ ջավախահայ մեր հայրենակիցներին ոչ սահմանային անցակետում, ոչ էլ ՊԵԿ-ի կողմից որևէ լիարժեք հիմնավորում չի տրվում․ խոսվում է միայն ինչ-որ ներքին որոշման մասին։
Ուզում եմ ահազանգել, որ սա վկայում է ոլորտում տիրող քաոսի մասին։ Վերանայե՛ք այս անհասկանալի որոշումները, այլապես, բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ ստեղծում եք արհեստական բարդություններ՝ վիրահայ մեր հայրենակիցների կապը ՀՀ-ի հետ դժվարացնելու նպատակով»,-հայտարարեց պատգամավորը։