Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացի. մեկին փրկել են, մյուսը մահացել է
Այսօր՝ փետրվարի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճ 2 քաղաքացի է ընկել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական:
Մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանյան լճի աշխատակիցները կարողացել են մեկին դուրս բերել լճից, իսկ երկրորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները:
Մոտ 20 րոպեից ավելի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց ցավոք նրան փրկել չի հաջողվել, իսկ մյուս քաղաքացին, ում դուրս էին բերել Երևանյան լճի աշխատակիցները, բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գասպար Կ.-ն էր, իսկ փրկվածը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Ա-ն: