Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ
![](/timthumb.php?src=disc/11-02-25/9995f5b376a49c66ba9a615dba53cdfa.jpg&w=450)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 109 ավագ դպրոց և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Երևանի թիվ 109 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, զրուցել աշակերտների հետ: «Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը ուսումնական գործընթացի կազմակերպման, մասնավորապես՝ նոր չափորոշչի ներդրման առանձնահատկությունների, ուսումնական միջավայրի համար անհրաժեշտ պայմանների առկայության և այլ հարցերի վերաբերյալ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը սովորողների հետ զրույցում:
Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն ի՞նչ սկզբունքով են ընտրություն կատարել, ի՞նչ մասնագիտական կողմնորոշում ունեն, արդյոք ընտրած հոսքը համապատասխանում է մասնագիտական ընտրությանը և այլն: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է ավագ դպրոցում նպատակային առարկաների ընտրությունը և ուսուցումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մասնագիտական կողմնորոշման խմբակներին՝ հույս հայտնելով, որ դրանք կօգնեն աշակերտներին ճիշտ պլանավորել իրենց ուսումնառության հետագա ընթացքը:
Արաքսիա Սվաջյանին նաև հետաքրքրել է՝ տարվա ընթացքում երկու անգամ ընդունելության քննություն հանձնելու գործընթացն ինչպես են գնահատում աշակերտները. արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Վերջիններս ընդգծել են, որ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունը դյուրին է դարձնում բուհ ընդունվելու գործընթացը, քանի որ իրենց գիտելիքը տվյալ փուլում ստուգելով՝ կարողանում են ավելի հեշտությամբ կողմնորոշվել երկրորդ փուլին մասնակցելու հարցում:
Աշակերտները ներկայացրել են իրենց տպավորությունները նոր չափորոշչի և կրթական ծրագրի մասին՝ անդրադառնալով նաև նոր դասագրքերին և տարբեր առարկաների աշխատանքային տետրերին։
Նշենք, որ այժմ Երևանի թիվ 109 ավագ դպրոցում սովորում է 218 աշակերտ:
Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում, որտեղ սովորում է 740 ուսանող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին:
Նա, մասնավորապես, հետաքրքրվել է ուսումնական գործընթացի կազմակերպմամբ, քոլեջի գույքային հագեցվածությամբ, ուսումնական պրակտիկաների իրականացման արդյունավետությամբ, ուսանողների հաճախելիությամբ և այլ հարցերով։
Քոլեջում ևս նախարարի տեղակալը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական հետագա գործունեությամբ:
Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը քոլեջի մանկավարժների հետ քննարկել է ՄԿՈՒ համակարգում անցյալ տարվանից ներդրված ատեստավորման գործընթացի ընդհանուր արդյունքները:
Նախարարի տեղակալի խոսքով՝ դասավանդող անձնակազմի մասնագիտական զարգացման խրախուսումը և վարձատրության բարելավումը պետության համար առաջնահերթ են, և ատեստավորման գործընթացն այդ մեխանիզմներից մեկն է։ Նա տեղեկացրել է, որ ՄԿՈՒ ոլորտում դասավանդողների համար 2025 թվականին առաջին անգամ կիրականացվի նաև տարակարգի տրամադրման գործընթացը, որը ևս աշխատավարձի բարձրացման հավելյալ հնարավորություն է ապահովում։ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել, որ քոլեջների և ուսումնարանների բոլոր դասախոսները և վարպետները ակտիվորեն կդիմեն տարակարգ ստանալու համար: