Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ՄԻՊ հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը
![](/timthumb.php?src=disc/08-02-25/fb7bcf42bc274cf42b72d640dff45c97.jpg&w=450)
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ԵԽ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։
Պաշտպանը պատվիրակությանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները:
Քննարկվել են զինված ուժերում, բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներին:
Իր հերթին, Լիլյա Գրետարսդոտիրը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցությունն ընդլայնելու ուղղությունները։