Շոլցը Սիրիայի նախագահին հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցելու երկրի վերականգնմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Այն տևել է մոտ մեկ ժամ:
Գերմանիայի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Շոլցը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը, որպեսզի այն ազատ և անվտանգ հայրենիք դառնա սիրիացի ժողովրդի բոլոր խմբերի համար: Նրա խոսքով՝ Բեռլինն այդ ուղղությամբ սերտորեն կհամագործակցի եվրոպական և միջազգային այլ գործընկերների հետ:
Օլաֆ Շոլցը նաև ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը Սիրիայի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: