Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Լոռիում հորդորել է հետևողական լինել աշխատանքները որակով կատարելու հարցում
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Լոռու մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։
Սպիտակ քաղաքում նա դիտարկել է բնակելի նոր շենքի կառուցման ծրագրի ընթացքը։ Վթարային փայտյա հանրակացարանային 2 շենքի փոխարեն կառուցվում է 4 մասնաշենքից բաղկացած բազմաբնակարան շենք՝ 36 բնակարանով։ Ներկայում կատարվում են մուտքի դռների տեղադրման, ներքին և արտաքին պատերի հարդարման աշխատանքները՝ տուֆով, բազալտով և ֆիբրոցեմենտով։ Իրականացվում են նաև բարեկարգման՝ մայթերի եզրաքարերի և խաղահրապարակի կառուցման աշխատանքները։
Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ կոմիտեի ղեկավարը քննարկել է ժամանակացույցի վերաբերյալ հարցեր։ Նշվել է եղանակային բարենպաստ պայմաններում որոշ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։
Սպիտակում կառուցվում է նաև մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ։ Ծրագիրն ավարտական փուլում է։ Ընթանում են ներքին հարդարման, ջեռուցման մարտկոցների տեղադրման և արտաքին բարեկարգման վերջին աշխատանքները։
Մսուր-մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ոռոգման ցանց, ապաստարան՝ հագեցած օդափոխության ժամանակակից համակարգով և դիզել-գեներատորով:
Շրջայցի ընթացքում կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպություններին հորդորել է խստորեն պահպանել սահմանված ժամանակացույցը և հետևողական լինել աշխատանքները բարձր որակով ու պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը։