Հարավային Կորեայի վեց ընդդիմադիր կուսակցությունները նախագահին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն են ներկայացրել խորհրդարան
Հարավային Կորեայի վեց ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ ամենախոշոր Դեմոկրատական կուսակցությունը, նախագահ Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն են ներկայացրել խորհրդարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Իմփիչմենթի միջնորդությունը ստորագրել է ընդդիմադիր 190 պատգամավոր։ Իշխող կուսակցության պատգամավորներն այն չեն ստորագրել։ Նախագահի իմփիչմենթի հարցը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում դեկտեմբերի 5-ին, իսկ դրա շուրջ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 6-ին կամ դեկտեմբերի 7-ին։
Իմփիչմենթի ընդունման համար անհրաժեշտ է խորհրդարանականների երկու երրորդի աջակցությունը, այսինքն՝ Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու համար 300 անդամ ունեցող Ազգային ժողովի ընդդիմադիրներին հարկավոր է իշխող կուսակցության մի քանի պատգամավորի աջակցությունը։
Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։
Հարավային Կորեայի նախագահը վաղ առավոտյան չեղարկել է ռազմական դրությունն Ազգային ժողովի միաձայն քվեարկությունից հետո, որով պատգամավորները պահանջել են չեղյալ համարել այն։