Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր
Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակն այս պահին մտահոգիչ է ու բարդ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ հակակառավարական զինված խմբավորումները ներխուժել են Հալեպ։
«Վիճակը մտահոգիչ է և բարդ»,- նշեց Պողիկյանը։
Նա նաև հայտնեց, որ Հալեպի հայերն այս պահին տներում են։
Ավելի վաղ Հալեպի Բերիո թեմի ազգային առաջնորդարանը Հալեպի հայերին կոչ էր արել մնալ տներում և խուճապի չմատնվել։
Սիրիայի հակակառավարական զինված խմբավորումները նոյեմբերի 29-ին ներխուժել են Հալեպ քաղաք։ Նրանք հայտարարել են Հալեպի քաղաքապետարանը գրավելու մասին՝ տարածելով այդ փաստը հավաստող տեսանյութեր։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է Հալեպում 2019 թվականից գործունեություն իրականացնող ականազերծողների և բժիշկների մասնագիտական խմբի գործունեությունը․ հայ ականազերծողների ու բժիշկների խումբը վերադարձել է Հայաստան։